«Արսենալը» Մխիթարյանին չի մոռացել. ակումբը հետաքրքիր ձևով է շնորհավորել Անկախության օրը

Լոնդոնյան ակումբը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ լուսանկար է հրապարակել, որը զարմացրել ու դուր է եկել հայերից շատերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Արսենալ» ֆուտբոլային ակումբը Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի՝ հայկական եռագույնով լուսանկարն ու շնորհավորել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Արսենալը» Մխիթարյանին չի մոռացել. ակումբը հետաքրքիր ձևով է շնորհավորել Անկախության օրը

Հրապարակման մեկնաբանություններում հայերը շնորհակալական և հումորային գրառումներ են արել:

««Գնա «Ռոմա», արի` սիրեմ» եք անո՞ւմ»,– գրել է մեկը:

Մյուսը զարմացել է, որ Հայաստանում «Արսենալը» դեռ այդքան շատ երկրպագուներ ունի: Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ գրառումը տեսանելի է միայն Հայաստանի տարածքից մուտք գործող օգտատերերի համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք` անկախ Հայաստանն արդեն 28 տարեկան է։ Անկախության օրվա միջոցառումներն այս տարի անցկացվում են Գյումրիում։