Անկախության տոնը Գյումրիում նշելը որպես ապակենտրոնացմանն ուղղված քայլ. ի՞նչ կտա դա

Հայաստանի ներկայիս կառավարությունն ուղղություն է բռնել դեպի ապակենտրոնացում։ Այդ ճանապարհին արվող քայլերից մեկը դարձավ Գյումրիում Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի –Sputnik. Անկախության օրը Գյումրիում  նշելը նպաստում է ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ հանրային քննարկումների ժամանակ ասաց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է Անկախության 28-ամյակը։ Հիմնական միջոցառումներն առաջին անգամ անցկացվել են ոչ թե մայրաքաղաք Երևանում, այլ  Գյումրիում։

Սարոյան եղբայրները. ինչպես անկախության հանրաքվեն կռվախնձոր դարձավ Գալստյանների ընտանիքում

Փոխքաղաքապետի խոսքով`  նման նախաձեռնությունները ողջունելի են։

«Մեր հանրապետությունում շատ մարդիկ կան, որոնք երբեք Գյումրիում չեն եղել։ Իսկ հիմա նրանք կգան, կծանոթանան քաղաքի մշակույթին, կզգան նրա կոլորիտը։ Բացի այդ, այստեղ եղած մեկը, կարող է իր տեսածը պատմել տաս ուրիշների», – ասաց Սանոյանը։

Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հերթին նշեց, որ համայնքների համաչափ զարգացման համար լուրջ և ավելի խորքային փոփոխություններ են պետք, որոնք նախևառաջ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ընդլայնում են ենթադրում։

Նրա կարծիքով` տոնական միջոցառումներն այստեղ անցկացնելու որոշումն ապակենտրոնացման բաղադրիչներից մեկն է, սակայն այն բավականին թույլ բաղադրիչ է։

Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

«Համայնքների համաչափ զարգացման, Երևանը բեռնաթափելու համար լուրջ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Օրինակ` մշակույթի պետական օջախները կարելի է տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինմանը հանձնել։  Թանգարանները, պատկերասրահներն ու թատրոնները դրանից որևէ կերպ չեն տուժի, սակայն որակապես կբարելավի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, կավելանա նրանց բյուջեն», – ասաց նա։

Բարսեղյանի խոսքով, Հայաստանի մարզերի բնակիչները գալիս են Երևան ավելի բարեկեցիկ կյանքի համար։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս կառավարությանը ժառանգություն է հասել գերկենտրոնացված իշխանություն, սակայն դրա ապակենտրոնացումն առաջիկա 5 տարիների ընթացքում կդառնա ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը։