Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակից Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան է տանում Երևանի ամենակոլորիտային փողոցներից մեկը` Աբովյանը։
Փողոցի սկզբում ոչ շատ մեծ կարմիր աղյուսե շենք կա, վրան` երկու ցուցանակ. «Այստեղ ապրել է 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանը» և «1921 թվականին այս տանը հանգրվանել է Հովհաննես Թումանյանը»։
Հետաքրքիր զուգադիպությամբ և՛ փողոցը, և՛ հայտնի հյուրն այս տարի տոնում են 150–ամյակը։ Փողոցը կառուցվել է 1869 թվականին և այն ժամանակ Աստաֆյան կոչվել Երևանի նահանգապետ Միխայիլ Աստաֆևի պատվին։ Իսկ ապագա բանաստեղծ և հասարակական գործիչ Թումանյանը նույն թվականին ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում։
Հետո թանգարան տանող ճանապարհն անցնում է Հյուսիսային պողոտայով, որտեղ որևէ համեղ բան գնելու ցանկություն է առաջանում։ Երբ որոշում ես գումար ծախսել ու գնումը կատարել 5000 դրամանոցով, թղթադրամի վրա կրկին Թումանյանն է։ Հետո անցնում ենք հենց Հովհաննես Թումանյանի անվան փողոցով, որը տանում–հասցնում է հսկայական տուն–թանգարան։
Թանգարանի քարե աստիճանների վրա գրեթե անհնար է աստիճանների քանակը հաշվող երեխաների չհանդիպել։ Աստիճանները 54-ն են, հենց այդքան տարի է ապրել Հովհաննես Թումանյանը։
Էքսկուրսիաներից հետո բոլոր զբոսավարներն այդ մասին պատմում են դպրոցականներին։ Բայց քանի որ երեխաները սովորաբար սիրում են մեծահասակների ասածը ճշտել, դրա համար էլ հատ–հատ հաշվում են աստիճանները...
Թվում է` համաժողովրդական նման ճանաչում ունեցող բանաստեղծն այլևս ոչնչով մեզ չի զարմացնի, բայց Թումանյանի մահվան օրից գրեթե մեկ դար անց հասարակության լայն շերտն առաջին անգամ է իմանում, որ սիրելի գրողը համարյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել։
Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել
«Լուսանկարներով հետաքրքրվելը համընկել է «Վերնատուն» գրական խմբի գործունեության հետ, այսինքն թվագրվում է XX դարասկզբով։ Անձամբ նա երբեք չի գրել իր հոբբիի մասին։ Եթե չլինեին կնոջ և դստեր` Նվարդի հուշերը, մենք երևի այդպես էլ չէինք իմանա, որ այդ լուսանկարները Թումանյանի ձեռքի գործն են, ոչ թե մասնագիտացված լուսանկարչական ստուդիաների», – պատմում է Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։
Թանգարանի ցուցանմուշների շարքում մի քանի տասնյակ լուսանկարներ կան, որոնց հեղինակը Թումանյանն է։ Նա հիմնականում նկարել է կնոջն ու երեխաներին։
Կինը` Օլգա Թումանյանն իր հուշերում նշում է, որ ամուսինն այնքան է տարված եղել լուսանկարելով, որ միանգամից երեք լուսանկարչական ապարատ է գնել։ Իսկ XX դարի սկզբին նույնիսկ մեկ այդպիսի սարքը մեծ շռայլություն էր համարվում։
Բայց բանաստեղծը սիրել է քայլել ժամանակին համընթաց։ Օրինակ` նա եղել է հեռախոս ունեցող թբիլիսաբնակների առաջին 20-յակում։ Թեև բավականին շուտ է ձանձրացել հեռախոսից և շուտով ազատվել է սարքից, որովհետև անտանելի շատ է զնգացել։
«Ապացույցներ չկան, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Թումանյանին լուսանկարչության «վարպետության դասեր» ընկերն է տվել` գրող Պերճ Պռոշյանը, որը մի քանի լուսանկարչական ստուդիաներ է ունեցել, և հավանաբար հենց նա է ընկերոջը «վարակել» այդ հետարքրքությամբ», – ասում է Թումանյանի տուն–թանգարանի տնօրենը։
Թումանյանն էսթետ էր և լավ ճաշակը «կյանքի բույր» էր անվանում։ Բանաստեղծի ինքնարտահայտումը հիմնվում էր ոչ միայն խոսքի ու պատկերների վրա, այլև նա անձամբ էր կարում սեփական տետրերն ու լուսանկարչական ալբոմի շապիկները։
Պոետի տուն–թանգարանում ներկայացված են և՛ նրա լուսանկարները, և՛ լուսանկարչական ալբոմները, սակայն բանաստեղծի լուսանկարչական ապարատները չեն պահպանվել։
Դուստրը` Նվարդ Թումանյանը, հոր մահից հետո գրել է, որ ընտանիքը չգիտի` որտեղ են դրանք։ Չի բացառվում, որ Թումանյանը փոխանակել է որբերի համար նախատեսված սննդի հետ։
Չէ՞ որ նա նախևառաջ քաղաքացի էր, հետո միայն բանաստեղծ։
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը