Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը

Հայկական կողմը պետք է որոշակի տեղեկություն ճշտի Ադրբեջանից, որին կհետևի Բաքվի առաջարկի արձագանքը։ Պաշտպանության նախարարը խոսել է Ադրբեջանի առաջարկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանը կշարունակի աշխատել իր քաղաքացիներին Ադրբեջանից վերադարձնելու ուղղությամբ։ Այսօր այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լիբանանցի գործընկեր Էլիաս Աբու Սաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով երկու երկրների քաղաքացիներին փոխանակելու հարցը։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ պատրաստ է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին փոխանակել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնք դատապարտվել են Արցախում։

«Ես երեկ հանդիպել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Ինձ պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը։ Որոշակի հարցեր կան, որոնք հիմա չեմ կարող բացահայտել», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկություն ճշտելու համար։ Երբ այդ տեղեկությունը ստանան, ապա հայկական կողմը համապատասխան արձագանք կտա։

Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ

«Մենք սկզբունքորեն դեմ չենք, որ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնեն իրենց տներ և աջակցելու ենք այդ գործընթացին», – ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ խոսքը փոխանակման մասին չէ։ Նախարարը հավասարության նշան չի դնում Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիների և Արցախում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների կարգավիճակի միջև։

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ իմ քաղաքացիներին վերադարձնել Հայաստան»,- ասաց նախարարը։

Նա չբացառեց, որ փոխանակումը հնարավոր է, բայց ընդգծեց, որ դա «Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Նշենք, որ նշված ադրբեջանցիներն արդեն 5 տարի Շուշիի քրեակատարողական հիմնարկում են։ 2014-ի հունիսին երեք ադրբեջանցուց բաղկացած դիվերսիոն խումբն անցել էր Արցախի տարածք, առևանգել և դաժանաբար սպանել 16-ամյա Սմբատ Ցականյանին։ Ոստիկանները վնասազերծել էին Հասան Հասանովին, սակայն մահանալուց առաջ նա հասցրել էր սպանել նաև մայոր Սարգիս Աբրահամյանին։ Արցախի դատարանը խմբի անդամ Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին` 22 տարվա ազատազրկման։