ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քոչարյանի փաստաբանական գրասենյակից։
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը` նշելով, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների։
Այս որոշումը հիմք ընդունելով ՝ Քոչարյանի փաստաբաններն Ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էին անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
Դատարանը, սակայն` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին հրապարակված որոշմամբ մերժել էր պաշտպանների միջնորդությունը։
Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: