Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները դժգոհել են մրցավարությունից ու վիճակահանությունից։ Նրանք խոսել են նաև Արթուր Ալեքսանյանի հետագա ելույթների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը համոզված է, որ հայ ըմբիշները կարող էին ավելի լավ արդյունքի հասնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը կայացավ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Սահակյանի խոսքով` երեք քաշային կարգերում ՝ 55կգ, 63կգ և 67կգ, մեր ըմբիշներն իրենց նպատակին չհասան մրցավարության պատճառով։

«Ճիշտ է` 63կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ, բայց նա միանշանակ պետք է դուրս գար եզրափակիչ: Մրցավարներն անտեղի միավորներ չտվեցին նաև Նորայր Հախոյանին և Կարեն Ասլանյանին: Ընդ որում, Կարեն Ասլանյանի քաշային կարգը օլիմպիական է համարվում, և այն, որ մեր ըմբիշը զրկվեց մեդալից, շատ ցավալի էր»-ասաց նա:

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանն էլ կարծում է, որ վիճակահանությունը մեր ըմբիշների համար շատ վատն էր։

«Անհասկանալի է, թե ինչու են մեր ըմբիշների դեմ առաջին իսկ գոտեմարտերում մրցակից բաժին հասնում տվյալ քաշային կարգի ֆավորիտները: Վիճակահանությունը կարծես մի քանի երկրի համար լինի նպաստավոր: Այս ամենին գումարվում է շատ վատ մրցավարությունը»,– նշեց նա։

Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին աշխարհի առաջնությունում

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին երկրագնդի ուժեղագույն ըմբիշները, քանի որ չեմպիոնին որոշելուց զատ օլիմպիական ուղեգրեր էին խաղարկվում: Հայաստանի հավաքականը կարողացավ օլիմպիական վարկանիշ ապահովել 77կգ քաշային կարգում (Կարապետ Չալյան) և 97 կգ քաշային կարգում (Արթուր Ալեքսանյան): Մյուս քաշային կարգերում օլիմպիական վարկանիշ ունենալու համար հայ ըմբիշները դեռ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանն ու վարկանիշային այլ մրցաշարերի:

Թե ովքեր կլինեն Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի ժամանակ, ցույց կտա ժամանակը: Օլիմպիական վարկանիշն անվանական չէ, այլ միայն քաշային կարգով: Այնպես որ վարկանիշ կարող է նվաճել մեկ ըմբիշ, խաղերին կարող է մեկնել ուրիշը։

Նա, ով եղավ ավելի ուժեղ իր քաշային կարգում, Հայաստանը կներկայացնի օլիմպիական խաղերում:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, ապա մարզիչները նշեցին, որ մեր հավաքականի առաջատարը հիմա պետք է դադարեցնի իր ելույթները, քանի դեռ կողոսկրի վնասվածքը չի ապաքինվել։

Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ, բայց «Ռոման» ջախջախեց մրցակցին

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց ինը ըմբիշով, որոնցից Սլավիկ Գալստյանը 63կգ քաշային կարգում (օլիմպիական քաշային կարգ չէ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ գոտեմարտ չանցկացրեց ու բավարարվեց արծաթե մեդալով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը օլիմպիական վարկանիշ փորձելու է վաստակել 60կգ, 67, կգ, 87կգ և 130կգ քաշային կարգերում: