ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է խզել պայմանագիրը Հայաստանի իշխանության հետ։
Ավելի վաղ այդ մասին գրել էր RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Իբր նման որոշումը կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ։
«ՀԿԵ–ն աշխատում է սովորական ռեժիմով, պայմանագիրը խզելու կամ այլ բանի համար որևէ նախադրյալ չկա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Ավելի վաղ RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են 10 տարվա փաստաթղթեր, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել և որևէ երաշխիք չի տրվել։
«Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիայի պայմանները կատարվում են», – ասել էր Տոկարևը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Սերգեյ Վալկոն 3 տարի ժամկետով վերանշանակվել է ՀԿԵ գլխավոր տնօրեն։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: