Արցախի Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Իզեր նահանգը բարեկամացել են

Երկու երկրամասերը բարեկամության հռչակագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Սեպտեմբեր — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգը բարեկամության հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության կայքը։

Գյումրեցի «Բասմաչը». ինչպես Միշա Սահակյանն Արցախում կերտեց իր անմահության ճանապարհը

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Իզեր նահանգի Գրենոբլ քաղաքում։ Ստորագրողներն էին Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգի ղեկավար Ժան–Պիեր Բարբիեն։

Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Լիոնում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, ներկայացուցիչներ հայ համայնքից։

Ստորագրված համաձայնագիրը երկու երկրամասերի միջև կրթական, մշակութային և մարդասիրական համատեղ ծրագրերի հնարավորություն է ընձեռելու։ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքով` նման համաձայնագրերի շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական մեկուսացումը, որն Ադրբեջանը փորձում է պարտադրել նրան։

«Իրականում». Թող Ադրբեջանը երազի ու սպառնա, մենք մերն արդեն ապացուցել ենք ռազմադաշտում

Իզեր նահանգը Ֆրանսիայի հարավ–արևելքում է, ունի մեկ միլիոն բնակիչ։ Նահանգի Գրենոբլ քաղաքում տարիներ առաջ հաստատվել է հայկական համայնքը։ Քաղաքում կան Ֆրանսիայի ազգային հերոս, ազգությամբ հայ Միսաք Մանուշյանի անվան և «Արմենիա» անվանումը կրող փողոցներ։

Նշենք, որ Հադրութի և Արցախի միջև բարեկամությունը տասնչորսերորդն է Արցախի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև։ Նախկինում բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Շեխեր ու Ֆրանսիայի Առնուվիլ, Շուշի ու Սենտ Էտիեն, Մարտունի և Բուր–դե–Պեաժ համայնքների միջև։