ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծը «երեխայական» է. ԲՀԿ պատգամավոր

ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսանը մեկնաբանել է «Իմ քայլ»–ի ներկայացրած նախագիծը. նա նշել է, որ եթե նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է շարունակվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը երեխայական է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Նա նշեց, որ մարդիկ կարող են քավոր–սանիկ լինել, բայց իրար հետ ոչ մի առնչություն չունենալ։

«Չի կարելի սա մեխանիկորեն վերցնել ու արդարադատության հիմքում դնել։ Չի կարելի նման երեխայական մոտեցում որդեգրել»,– ասաց Պետրոսյանը։

Նա նաև հայտնեց, որ ներկայացնում է բացառապես իր անձնական դիրքորոշումը։ Խմբակցությունում նախագիծը դեռ չի քննարկվել։

Բայց քննարկում, պատգամավորի համոզմամբ, կլինի, քանի որ հարցը լուրջ է ու քաղաքական ուժը պետք է դրա շուրջ իր դիրքորոշումը հայտնի։

«Անկախ նրանից` ինչ որոշում կկայացվի, մենք պետք է վեր կանգնենք անձնավորված կադրային հարցեր լուծելուց։ Այսինքն` մենք ասում ենք` նոր Հայաստանում ենք ապրում, բայց եթե նախկին բարքերը պետք է կրկնվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա»,– ասաց Պետրոսյանը։

«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում 6-րդ գումարման ԱԺ–ում ԲՀԿ–ն դեմ է քվեարկել։  Բայց սա չի նշանակում, թե ԲՀԿ–ն առաջնորդվելու է անձնական վերաբերմունքով։

Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

Դրանում Թովմասյանի պաշտոնանկության հիմնական հիմք է ներկայացված, այն, որ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննելիս նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ Քոչարյանն իր փաստաբան Արամ Օրբելյանի մկրտության ու հարսանիքի քավորն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ–ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձ է և նախկինում հրապարակավ կարծիքներ ու  պնդումներ է ներկայացրել 2008թ–ի մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ։