ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր — Sputnik. Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել խորհրդակցություն` բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ։
«Զորամասերում արտակարգ պատահարներից խուսափելու և կարգապահության ամրապնդման ուղղությամբ ՊԲ զորամասերում բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, սակայն դեռևս կան անելիքներ»,–ասել է ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտակարգ դեպքեր ու պատահարներ ծնող պատճառներին ու դրանից խուսափելու ուղիներին։ Համապատասխան պաշտոնատար անձինք ներկայացրել են իրականացված աշխատանքները:
Հավաք-խորհրդակցության ավարտին գնդապետ Գևորգյանը համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ինքնասպան էր եղել շարքային Վոլոդյա Գալոյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա նախ փորձել է սպանել դիրքի ավագին, ապա ինքնասպան է եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Արցախում զինվորական մարզումներ են անցկացվել. բանակն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը
Ինքնասպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր հուլիսի 20-ին։ Մարտական դիրքի դիտակետում ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը։ Այս գործով մեղադրյալ չկա։