Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք

Հայաստանի պահեստազորում գտնվող քաղաքացիները կզորակոչվեն զորահավաքների. 4 տոկոսը` 3-5 օրով, մյուսները` 1։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում լայնածավալ զորահավաք կանցկացվի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ զորահավաքն իր մասշտաբով լինելու է աննախադեպ։

«Նման մասշտաբի զորահավաք չենք ունեցել, բայց ես ուզում եմ ընդգծել, որ թվակազմի առումով այն մեր միջազգային պարտավորությունների սահմանում է»,– ասաց Տոնոյանը։

Մհեր Գրիգորյանի հետ աշխատանքից ազատման հարց չի քննարկվել

Նրա խոսքով` զորահավաքի նպատակն է գնահատել Հայաստանի զորահավաքային նախապատրաստության վիճակ, քանի որ 2018 թվականին անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային եռաստիճան զորավարժությունների ընթացքում զորահավաքային պատրաստության միջոցառումներ գործնականում չեն իրականացվել և հնարավոր չի եղել գնահատել զորահավաքային նախապատրաստության վիճակը։

Զորահավաքին ներգրավվելու են նաև պահեստազորայինները։ Ուստի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջիններին ակտիվորեն մասնակցել ու ծանուցման դեպքում ներկայանալ զորահավաքի։

Պաշտպանության նախարարը հայտնեց նաև, որ զորահավաքի մասնակիցների միայն 4 տոկոսն է ուսումնական հավաքներին ներգրավվել ու 3-5 օրով։ Մնացած 96 տոկոսը հավաքներին կմասնակցի միայն 1 օրով։

Արցախում զինվորական մարզումներ են անցկացվել. բանակն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը

«4 տոկոսի ընտրությունը կատարվել է իրենց զինվորական մասնագիտությունները հաշվի առնելով, և իրենք արդեն տեղեկացված են դրա մասին»,– ասաց Տոնոյանը` հորդորելով գիտակցաբար վերաբերվել կազմակերպվող միջոցառմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ զորահավաքը ֆորմալ բնույթ չկրի, ինչպես եղել է նախկինում։