Դատապարտյալների պահման պայմաններ, բուժսպասարկում. Գոյունյանը «Գորիս» ՔԿՀ–ում էր

Արթուր Գոյունյանը հիմնարկի վարչակազմին հրահանգել է արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնել, բացառել ցանկացած անօրինական կապերն ազատազրկված անձանց և տեղաբնակների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:

Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

Շրջելով հիմնարկի բնակելի տարածքում՝  Գոյունյանը տեղում ծանոթացել է կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը: Եղել է զբոսահրապարակում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարանում, որտեղ ստուգել է սննդի որակն ու պատրաստման պայմանները, ծանոթացել օրվա ճաշացանկին:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հիմնարկի բուժմասի տեխնիկական հագեցվածությանը: Ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում հիմնականում բարձրացվել են նրանց պահման պայմանների բարելավմանը, բուժսպասարկմանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանն առնչվող հարցեր:

Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ պետը

Խորհրդակցության ժամանակ Արթուր Գոյունյանը հիմնարկի վարչակազմին հրահանգել է արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնել, բացառել ցանկացած անօրինական կապերն ազատազրկված անձանց և տեղաբնակների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատազրկվածների գերակշիռ մասը տեղի բնակիչներ են։

Ա. Գոյունյանը խոսել է նաև ազատազրկված անձանց կողմից բարձրացված առաջնահերթ հարցերին հնարավոր լուծումներ տալու անհրաժեշտության մասին, հանձնարարվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել  դատապարտյալների զբաղվածության խնդրին ևս: