Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին

Արմեն Ջիգարխանյանի կնոջ որդին` Ստեփանը, սոցցանցում նոր նկար է հրապարակել, որտեղ Ջիգարխանյանն ու իր մայրը միասին մի սեղանի շուրջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյան և Տատյանա Վլասովա` վերամիավորված երջանիկ ընտանիքի լուսանկարը Instagram–ի իր էջում զետեղել է Տատյանայի որդին` Ստեփանը։

«Ավելացնելու բան չկա։ Հասկանալի է`կես դար ամուր կառուցածը ոտքով չի փլուզվի, այն էլ պատահական մարդկանց պատճառով»,–այսպես է մակագրել իր լուսանկարը մոր և խորթ հոր վերամիավորումից ուրախացած Ստեփանը։

Լուսանկարը բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել. «Ձեր մայրը արժանի կին է. իմաստնության օրինակ», «Առանց մեկնաբանության...առողջություն ձեր ծնողներին» և այսպես շարունակ։

«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը դերասանուհի Տատյանա Վլասովայից բաժանվել էր 2015թ. սեպտեմբերին: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայի հետ հարցազրույցը, որում կինը պատմել էր Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին:

2017 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները սկսեցին քննարկել Ջիգարխանյանի ու Վիտալինայի բաժանման թեման, որը հանգուցալուծվեց 2018 թվականի նոյեմբերին, երբ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։