ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «ՏԵՖԻ-Համագործակցություն» IX միջազգային հեռուստատեսային փառատոնի պարգևատրման արարողությունը, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը։ Հայաստանից ՏԵՖԻ-ի հաղթող է դարձել «Արմենիա» հեռուստաալիքի «Պատվից առավել» նախագիծը։
Փառատոնին մասնակցում են նաև Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Միջոցառման գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։
Հայաստանից փառատոնին մասնակցել են «Պատվից առավել (Արմենիա TV)», «Քաոս» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք»), «Ժիրայր Գլենց» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք») նախագծերը:
Հայաստանի մասնակիցները ներկայացրել են իրենց տպավորությունները։ Այսպես` ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանը Sputnik Արմենիային պատմել է, որ սերիալը ստեղծելիս նպատակը փառատոններին մասնակցելը չի եղել։
«Մեր սերիալը յուրահատուկ է։ Այստեղ պատիվը և սերն առաջին հորիզոնականում են։ Սերիալում խոսում ենք նաև հայկական ավանդական ծեսերի մասին, որոնք աշխարհում արդեն չկան»,- ասել է Արշակյանը։
Իր հերթին «Առաջին ալիքի»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Թերեզա Քարիմյանը Sputnik Արմենիային պատմել է, որ «Քաոս» սերիալի հեռարձակումից հետո Հայաստանում երեխաները սկսել են գիրք կարդալ։ Այն նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով։ Գիրքը հրատարակվել է 1898թ-ին։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության երկրորդ աշխատանքը, որը ներկայացվել է փառատոնում, սերիալ «Ժիրայր Գլենցն» է, որը հիմնված է Արմեն Մկրտիչի համանուն վիպակի վրա։ Սցենարը հնարավորինս մոտեցված է սկզբնաղբյուրին։
Հայ հայտնի պրոդյուսեր Արման Միտոյանը, որը մրցույթային ծրագրում ներկայացրել է «Քաոս» հեռուստասերիալը, նշել է, որ ծրագրին մասնակցելը հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ առումով հասնել անհրաժեշտ մակարդակի, կատարելագործել հեռուստասերիալներ ստեղծելու հմտությունները։
Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն
Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և Ռուսաստանի մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառումը տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի հովանու ներքո:
«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է 2011թ-ից ԱՊՀ տարբեր երկրներում։ Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն փառատոնի միջազգային ինֆորմացիոն հովանավորն է։