Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը նշում է, որ քննիչը թույլ է տվել կոպիտ իրավաբանական սխալ և արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են գրավոր բողոք` Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք  Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ՝ կապված օրենքի 2011–ին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ»,–գրել է նա։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբանի խոսքով` արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:

Գասպարյանի պաշտպանը գրել է նաև, որ ակնկալում է դատախազության «մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխանը»` իրենց բողոքը մերժելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Գասպարյանը լուրջ չի վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքին և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալ։

«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն

Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: