ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Քանդակագործ Մելիք Օհանյանը ստացել է Շվեյցարիայի Գեղեցիկ արվեստների միության պարգև Ժնևում տեղադրված «Հայոց ցեղասպանություն» հուշահամալիրի համար։ Այդ մասին հաղորդում է Visarte պաշտոնական կայքը։
Մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ։ Պարգևատրման արարողությունը կայացել է Ցյուրիխի Kunsthalle պատկերասրահում։
Ժնևի քաղաքային իշխանությունները դեռ 2008թ–ին որոշում են ընդունել տեղադրել Ցեղասպանության հուշահամալիրը։ Նախագծերի մրցույթում նախապատվություն են տվել ֆրանսիահայ քանդակագործ Օհանյանին։ Նրա աշխատանքը կոչվում է Reverberes de la Memoire («Հիշողության լապտերներ»)։
Հուշարձանը կազմված է հնաոճ 9 բրոնզե փողոցային լապտերներից` մետաղական զարդանախշով։ Այստեղ կենտրոնական կերպար չկա. դա խորհրդանշում է հայկական սփյուռքի ցրված լինելը։
Բարձր, 10–մետրանոց լապտերներից առանձնանում են աղեղանման ճյուղավորումներ, որոնք ավարտվում են երկրին խոնարհված արցունքանման կանթեղներով։ Դրանք երեկոյան չեն վառվում, այլ լուսավորվում են ներքևից, որպեսզի երևա աստղազարդ երկինքը։
Քանդակագործի մտահղացմամբ` հուշարձանը չպետք է միանգամից ուշադրություն գրավի. ցանկացած մարդ, ով անհրաժեշտություն կզգա, ինքը կմոտենա։ Քանդակը տեղադրված է Տրամբլեի այգում` ՄԱԿ–ի կենտրոնակայանից ոչ հեռու։
Այդ ամբողջ ընթացքում թուրքական համայնքը պահանջել է հրաժարվել հուշարձանից` հայտարարելով, որ այն կարող է առաջացնել «ավելորդ լարվածություն»։ Բայց հուշարձանը բացվել է 2018թ–ի ապրիլին, դրա բացմանը ներկա է եղել 94–ամյա Շառլ Ազնավուրը։
Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի
Շվեյցարիայի նկարիչները և քանդակագործները նշել են, որ նոր քանդակն օգնել է վառ պահել 1915-1923թթ–ի իրադարձությունների մասին հիշատակը։ Այդ ընթացքում Օսմանյան Թուրքիայում և Թուրքիայի Հանրապետությունում կոտորվել են միլիոնավոր հույներ, ասորիներ, հայեր ու եզդիներ։ Հիմա շվեյցարական հասարակությունում ավելի լավ գիտեն այդ իրադարձությունների մասին։ Այսպիսով, հուշահամալիրը կարևոր է ոչ միայն որպես արվեստի ստեղծագործություն, այլ նաև հասարակական կյանքի մաս։