Վլադիմիր Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա լուրջ չի վերաբերվում մեղադրանքին

ՀՀ ոստիկանության նախկին պետի փաստաբանը հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը լուրջ չի վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքին և հրաժարվել է քննության այս փուլու ցուցմունքներ տալ։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար։

« ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո»,– գրել է փաստաբանը:

Նա նշել է, որ այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված են, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:

«Գեներալ-գնդապետ Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»,– եզրափակել է Աթանեսյանը:

Նշենք, որ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: