ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշված է Փաշինյանի որոշման տեքստում:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 18–ին, հրամանագիր էր ստորագրել Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Օսիպյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր հեռանալու պատճառների մասին կխոսի ավելի ուշ։
Ինչի մասին է խոսել Օսիպյանը խորհրդակցության ժամանակ. տեսանյութ
Հիշեցնենք, որ Օսիպյանն այս պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսին`«թավշյա հեղափոխությունից» հետո:
«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել
Նախկինում գլխավոր խորհրդականի պաշտոնը վստահվել էր Արսեն Գասպարյանին, որն այդ պաշտոնից ազատվել էր այս տարվա օգոստոսի 15–ին։