ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Պարոն Օսիպյանը ներկայացրեց մեկ տարվա կատարած աշխատանքը, այն բոլոր համապետական խոշոր միջոցառումները, որ կատարել է ՀՀ ոստիկանությունն այս ընթացքում։ Այս մասին Վալերիյ Օսիպյանի պաշտոնից ազատվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով` Վալերիյ Օսիպյանը լավ տրամադրություն է ունեցել։ Հանդիպման ընթացքում եղել են հրաժեշտի և շնորհակալական խոսքեր, ուրիշ ոչինչ։
Անդրադառնալով լրագրողների` դժգոհությունների մասին հարցին` Ահարոնյանը նշեց, որ դժգոհություններ միշտ լինում են, եթե կա աշխատանք։ «Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ եթե պետք լինի ցանկացած պահի ինքը կարող է իր գիտելիքներով և փորձով նեցուկ լինել ոստիկանությանը»,–ասաց Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ Օսիպյանն այսօր արդեն ոստիկանության վետերանների շարքում է։
Նրա տեղեկացմամբ`ոստիկանության պետի պարտականություններն այս ընթացքում կատարելու է ոստիկանության պետի 1–ին տեղակալը` Արման Սարգսյանը։
Վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ներկայացրել նախագահին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդագիրը Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին։