ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Գիշերօթիկ հաստատությունների փակումը ո՛չ երեխաների, ո՛չ ընտանիքների համար ռիսկային չի լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Պետք է հիշել, որ գիշերօթիկում խնամվող երեխաները պարբերաբար` շաբաթ–կիրակի օրերին և ամբողջ ամառ, ապրում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ։ Պետությունը ոչ մի դեպքում չի վերադարձնի երեխային իր ընտանիք, եթե դա ռիսկային լինի։ Նախարարությունը SOS հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ ամեն կերպ աջակցելու է ընտանիքներին», – ասաց նախարարը։
Բաթոյանն անդրադարձավ նաև մանկատների խնդրին։ Նրա խոսքով` հաստատություններից ոչ մեկը հավելյալ աջակցության կարիք չունի։
«Պետությունը լիովին ապահովում է հաստատություններին։ Եթե ուզում եք օգնել երեխաներին` աջակցեք նրանց ընտանիքներին», – նշել է Բաթոյանը։
Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու
Հիշեցնենք, որ առաջիկայում լուծարվելու են Հայաստանում գործող բոլոր գիշերօթիկ հաստատությունները։ Ընդհանուր առմամբ, այդ կենտրոններում խնամվում է 260 երեխա։ Պետությունը գիշերօթիկների փակման որոշում է կայացրել` համարելով դրանց հոգման ծախսերն անարդյունավետ, իսկ երեխաների ընտանիքներում ապրելը` կարևոր։