«Ես խնդիր չեմ տեսնում». Տոնոյանը` ուժայինների ղեկավարների տարիքային շեմն իջեցնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարը կարծում է, որ ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոններում 25 տարեկանից սկսած անձանց նշանակելու համար կառուցվածքային փոփոխություններ պետք կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանը խնդիր չի տեսնում, որ ուժային կառույցները ղեկավարեն 25 տարեկանը լրացած անձինք։

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

Նա այս մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկին, որով առաջարկվում է ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:

«Եթե դա լինելու է քաղաքական պաշտոն, ես խնդիր չեմ տեսնում։ Ցենզի մասին մեկնաբանություն չեմ տա, բայց կարծում եմ, որ կառուցվածքային փոփոխություններ էլ պետք կլինեն: Չգիտեմ՝ նախարարություններ կդառնան, թե միայն այդ պաշտոնները քաղաքական կլինեն, իսկ դրանից հաջորդող մյուս պաշտոնը կլինի ծառայությունը ղեկավարող, չեմ կարող ասել»,– ասաց նա։

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Հիշեցնենք` գործող օրենքը ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում նշանակվելու համար պարտադիր պայման է սահմանում այդ համակարգերում բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած լինելն ու գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը:

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած օրինագիծը։ Նախագծի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում։