ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 58-ամյա վանաձորցի քրեական հեղինակություն համարվող մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ու տեսանյութում, սակայն, նրա ինքնությունը չի բացահայտվում։ Նշվում է միայն, որ տղամարդը հետախուզվում էր ոստիկանության Տարոնի բաժնի կողմից`սպանության փորձի մեղադրանքով։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։
Նուբարաշենի բանտի անկարգությունները «զոն նայողներ» Վաչիկի ու Նորագյուղցի Նվերիկի ձեռքի գործն են
Վանաձորում սպանության համար որոնվող տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում։
Հանցագործության հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քրեական ենթամշակույթում ներգրավված մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։
«Այս ենթամշակույթի կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»,–ասել էր Փաշինյանը։
Արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է մշակել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների համար։
Նախագիծն ընդունվել է կառավարության կողմից ու ներկայացվել ԱԺ քննարկմանը։