Տարօրինակ է, որ Վանեցյանը սուր որակումների է արժանանում. ԲՀԿ–ն դեռ գնահատական չի տալիս

Խմբակցության պատգամավորների խոսքով` Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների կարիք կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս պատրաստ չէ Արթուր Վանեցյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։ Այս մասին խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը ասացին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով

Արման Աբովյանի խոսքով` խմբակցությունը գնահատականներ տալ չի կարող, քանի դեռ տեղեկություններն ամբողջությամբ պարզված չեն։

«Մենք տեսնում ենք ներիշխանական որոշ գործընթացներ, որոնց գնահատական տալու համար պետք է բացվեն այս երկու օրն արված հայտարարությունները», – հավելեց պատգամավորը։

Իվետա Տոնոյանի խոսքով` ԲՀԿ–ն Արթուր Վանեցյանի գործունեությունը ԱԱԾ տնօրենի պաշտոնում գնահատում է «ոչ բացասական»։

«Ինձ համար զարմանալի ու տարօրինակ է, որ երեկվանից Արթուր Վանեցյանը խիստ քննադատությունների ու սուր որակումների է արժանանում։ Կարծում եմ` շուտով լույս կսփռվի այս ամենի վրա. թե՛ պարոն Վանեցյանը, թե՛ իշխանությունը կմեկնաբանեն դա», – հավելեց Տոնոյանը։

Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով

Հիշեցնենք` երեկ`սեպտեմբերի 16–ին, Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արթուր Վանեցյանը ազատվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որտեղ նա հույս է հայտնել, որ իր հրաժարականը կդառնա «Կանգ ա՛ռի» սթափեցնող քայլ։