ՌԱԴԻՈ

Աշուղաթոյան. «Կինոարվեստի մասին օրենքի նախագծի մեջ դրել ենք մի ամբողջ փիլիսոփայություն»

«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետեր Նարեկ Վան Աշուղաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կինոարվեստի մասին օրենքի նախագծին և նշել, որ նախագծի պատրաստման աշխատանքները տևել են 8 ամիս, և այն վերջերս ներկայացվել է հանրությանը:
Sputnik
Աշուղաթոյան. «Կինոարվեստի մասին օրենքի նախագծի մեջ դրել ենք մի ամբողջ փիլիսոփայություն»

Իրավաբանի տեղեկացմամբ՝ նախագիծը պատրաստելու համար իրենք բավական ծանր և ակտիվ ներքին քննարկումների փուլեր են անցել, որպեսզի կարողանան ներկայացնել այնպիսի նախագիծ, որն ունենա իր տրամաբանությունը և յուրաքանչյուր դրույթի տակ լինեն հիմնավորումներ ու պատճառաբանություններ:

Ի՞նչ կտա հայկական կինոարտադրությանը «Կինոյի մասին» նոր օրենքը. 3 նախագիծ է ներկայացվել

«Նախկինում կինոյի վերաբերյալ օրենք չի եղել: Հարաբերությունները հիմնականում կարգավորվել են այլ օրենքների ու իրավական ակտերի միջոցով: Երբ մեզ՝ իրավաբաններիս, առաջարկվեց մշակել օրենքի նախագիծ, մեր կողմից առաջին քայլը եղավ հանդիպել ոլորտի մասնագետների հետ ու տալ ամենաառաջին հարցը՝ ինչու՞ է ձեզ անհրաժեշտ այս օրենքը: Սա մեզ կտար նյութ, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունի հանրությունը, և արդյո՞ք դա ընդհանրապես տեղավորվում է օրենքի մեջ, թե՞ կարելի է լուծել նաև առանց օրենքի»,- նշում է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Իրավաբանի գնահատմամբ՝ իրականում այն խնդիրները, որոնք լսեցին հանրությունից, բոլորը չէ, որ օրենքի միջոցով կարգավորման ենթակա առարկաներ են: Դրանք հիմնականում ներքին խնդիրներ էին, թեև կային այնպիսի հարցեր, որոնք կարող էին կարգավորվել այլ իրավական ակտերով:

«Մենք առանձնացրեցինք հիմնական այն դրույթները, որոնցով կարելի էր ունենալ օրենք՝ առանց տեքստը ծանրացնելու և բարդացնելու: Փորձեցինք մշակել մի նախագիծ, որը կառնչվի հիմնական, ընդհանուր գաղափարներին ու ցույց կտա ուղենիշները»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը և հավելում, որ իրենք հանրությանը ներկայացրել են օրենքի նախագիծ, որն առնչվում է կինոարվեստին:

Դա պատահական չէ: Նախագծի անվանման տակ իրենք դրել ենք մի ամբողջ փիլիսոփայություն, մի մոտեցում, որը կազմում է դրա ողնաշարը: