Հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում ունենան Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հստակ օրը կհայտարարվի, երբ կողմերը կհամաձայնեցնեն այդ հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով, կարող է կայանալ Նյու Յորքում, ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ` ավելացնելով, որ հանդիպման տեղի և օրվա մասին կհայտարարվի համաձայնեցված կարգով։

«Հնարավոր է, ՄԱԿ–ի ԳՎ–ի շրջանակում հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով», – ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում «ադրբեջանական դիրքորոշումը կներկայացվի ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այնպես էլ հայկական կողմին»։

ԵԱՀԿ–ն կրկին դիտարկում կանցկացնի Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հաջիևը նաև ավելացրել է, որ հանդիպման հստակ օրը կհայտարարվի, երբ կողմերը կհամաձայնեցնեն հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։