ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով` գեղեցկության մրցույթում հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանի ձեռքբերումն անձնական պայքարի իրական օրինակ է և պետք է վարակիչ լինի բոլորի համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր facebook-յան էջում։
Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցող կանանց` «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթին 29-ամյա Գոհար Նավասարդյանը հաղթող է ճանաչվել «Սպորտի թագուհի» անվանակարգում:
Գեղեցկության այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ, արդեն 3-րդ տարին։
Թաթոյանի գրառմանը կցված է նաև տեսանյութ, որում Գոհարը պատմում է իր ակտիվ առօրյայի մասին։ Անվասայլակով աղջիկն աշխատում է ԱԻՆ–ում, վարում է ավտոմեքենա, զբաղվում է սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների ու մրցույթների։ Գոհարը հաշմանդամություն է ձեռք բերել 16 տարի առաջ` մինինգիտի հետևանքով։
Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»
Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարողությունների գնահատումը ու զարգացումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը։