Արթուր Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաև Տոնոյանն ու Օսիպյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանակությանը նորերն են հաջորդելու և արդեն կան հավանական թեկնածուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա¬րականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ: Ազատվելու են նաև Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում»,– նշված է հոդվածում:

Ըստ թերթի իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, որն այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան «Նավակ ճոճողի», որը չի թաքցնում իր հավակնությունները:

Հիշեցնենք` երեկ Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նշված էր, թե նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։