«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

ԶԼՄ–ներում մրցույթի ձախողման վերաբերյալ սկանդալային լուրերը հայտնվեցին դեռ անցած տարվա հուլիսին։ Ընկերությունում տարակուսանք են հայտնում տարածված տեղեկության վերաբերյալ և հույս ունեն, որ Հայաստանի Քննչական կոմիտեն հնարավոր ամեն ինչ կանի իրավիճակը պարզաբանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) դատի չի տվել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը, այդ մասին ասվում է ձեռնարկության պաշտոնական կայքում։

200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով տվյալ ընկերության ներկայացուցչին, հաղորդել էին, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի ձախողումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։

2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։

Ռուսական կողմը չի ընդունում երկաթուղում կատարված ստուգումների արդյունքները

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար իրենք արդեն դիմել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին։ Նա նաև նշել է, որ ORSIS-ը` որպես «Պրոմտեխնոլոգիա» ընկերության մաս, զինամթերքի շուկայում գործում է արդեն 8 տարի։ Այն Հայաստանին մի քանի տարի շարունակ մատակարարել է փամփուշտներ, ռազմական օպտիկա, սակայն այժմ ընկերությունը ՀՀ ԶՈւ-ի սև ցուցակում է։

Դրա հետ կապված` սեպտեմբերի 17–ին ընկերության մամուլի ծառայությունը, հերքելով Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ դատական քննության մասին հաղորդագրությունը, նշել է. «Հայաստանի ՊՆ մրցույթից «Պրոմտեխնոլոգիա» ԲԲԸ–ին անհիմն կերպով դուրս թողնելու, ինչպես նաև ընկերությունը մատակարարների սև ցուցակում ներառելու մասին՝ ԶԼՄ–ներում տարածված տեղեկության հետ կապված` հաղորդում ենք, որ տվյալ պահին նշված փաստերի շուրջ քննություն է տարվում քրեական գործի շրջանակում»։

Նոր ասոցիացիա. այն կզարգացնի հայ-ռուսական բիզնես կապերը

Ընկերությունը հույս է հայտնել, որ Հայաստանի Քննչական կոմիտեն հնարավոր ամեն ինչ կանի հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից. «Ընկերությունը հույս ունի, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիային ասել էր, որ առայժմ ընթանում է քննություն, չեն կարող մեկնաբանել այդ գործը։

Ընկերությունում ավելի վաղ հայտարարել էին, որ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումների հիման վրա: Խոսքը մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի մասին էր: