Վարչապետը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման ծրագրի մանրամասներից տեղյակ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին Sputnik Արմենիայի հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ։ Այսօր, մամուլի ասուլիսում, պատասխանելով Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի վերագործարկման մասին Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը

«Որովհետև կարող է պարզվի, որ դրա արդյունքում Հայաստանում կարող է առանց ոտքերի ու ձեռքերի երեխաներ ծնվեն։ Հո կատակ չէ՞։ Մեկ էն ենք ասում, մեկ էս ենք ասում։ Ձեզ թվում է` մենք մերոնցով խոսում ենք, ներդրողները չեն տեսնում ու չեն լսում, թե այստեղ ինչ է կատարվում։ Մարդիկ պիտի կողմնորոշվեն` կարող է գան 300 մլն ներդնեն, գործարան կառուցեն, ու առաջանան Ալավերդու ինքնապաշտպանական դիրքեր»,– ասաց Փաշինյանը` մեկնաբանելով, որ չինական ընկերությունն ուշադիր հետևում է, թե Հայաստանում ինչ է կատարվում մյուս ներդրողների հետ։

Հարցին, թե բնապահպանական տեսչությունն ինչ դիրքորոշում ունի այս խնդրում, արդյո՞ք շարունակելու է պնդել նախկին կոշտ դիրքորոշումը, թե՞ պատրաստ է որոշ զիջումների գնալ, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց` նշելով, որ հարցի բոլոր մանրամասներից տեղյակ չէ։

«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի

 

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը։

Ալավերդու պատկերասրահից պահանջում են բռնագանձել 8 մլն 100 հազար դրամ. Արման Ծատուրյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի հոկտեմբերին ստուգումներ էր անցկացրել գործարանում ու պահանջել էր կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Մինչդեռ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։

Վարկային պարտավորությունների դիմաց գործարանն անցյալ տարի գրավադրվել էր ՎՏԲ բանկում։ Չնայած այդ հանգամանքին, «Վալլեքս» ընկերությունը շարունակում է հայտարարել, որ չինական կառավարության և տեղի հզոր արդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվածություն կա՝ Ալավերդիում նոր, առանց արտանետումների գործարան կառուցելու մասին։

«Տոքսիկ ժառանգություն» իշխանությանը. հանքարդյունաբերությունը սպասում է «խաղի կանոններին»

2019թ.–ի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Ավելի ուշ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը գործարանում արտադրության վերսկսման հայեցակարգային պլան էր մշակել, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ հանրությանը` քննարկելու համար։