Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում ավանդական արժեքների, ընտանիքի դեմ ուղղված բացասական երևույթների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանի համար գիշերօթիկ դպրոցների լուծարման որոշումն ու գործընթացը խիստ մտահոգիչ երևույթ է։

Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու

Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում պատգամավորը նկատում է, որ գիշերօթիկների փակումը մի քանի խնդիր է բերում: «Նախ՝ աշխատողների զբաղվածության հարցը: Կառավարությունը, որ այդքան ասում է՝ մենք աշխատատեղ կրճատող չենք, ստեղծող ենք, սո՛ւտ է: Ինչի՞ մասին է խոսքը: Որտեղ լսում ես՝ կրճատում է, ընդ որում, ոչ միայն պետական հիմնարկներում»,–ասում է Պետրոսյանը:

Պատգամավորի խոսքով` մոլորության մեջ են այն մարդիկ, որոնք կարծում են, թե գիշերօթիկը, մանկատունը միայն քնելու տեղեր են. դրանք կրթօջախներ են: «Շատ երևելի քաղաքացիներ ունենք, որ մեծացել են մանկատանը կամ գիշերօթիկ դպրոց են ավարտել: Ու չի կարելի այդպես հեգնանքով խոսել այդ հաստատությունների մասին»,–նկատում է նախկին սոցապ նախարարը:

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

Գևորգ Պետրոսյանը նշում է, որ ոչ մեկը լավ օրից չէ իր երեխային գիշերօթիկ տանում: Ինքն էլ կցանկանար, որ մեր երկրում գիշերօթիկ դպրոցներ չլինեին, բայց ոչ թե այն իմաստով, որ այսօր լուծարենք այդ կրթօջախները, այլ այն առումով, որ այդպիսի կարիքավոր ընտանիքներ ու երեխաներ չլինեին: Պետրոսյանն ընդգծում է, որ պետք է փորձել հասկանալ մարդկանց, մտնել նրանց վիճակի ու դրության մեջ, այլ ոչ թե փորձել ամեն գնով տեղայնացնել ինչ-որ կասկածելի արժեքներ ու կողմնորոշիչներ:

«Մենք չգիտենք` երեխային գիշերօթիկից հանելը նրա ճակատագրի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունենալու»,-նշում է պատգամավորը և հավելում, որ գիշերօթիկ կրթօջախների հարցով, անպայման, հանրային լսումներ են պետք:

Գևորգ Պետրոսյանն անդրադառնում է նաև ավանդական արժեքների, ընտանիքի դեմ ուղղված երևույթներին, ԱԺ-ում հայտնված «օրենսդրական պլանկտոնին», այսինքն՝ պատգամավորի մանդատ ստացած այն շրջանակին, որ որոշակի առումով ակամայից է հայտնվել խորհրդարանում և պատգամավորական աշխատանքով զբաղվելու ձգտում չի դրսևորում:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին