Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրում է առողջապահության նախարարին

Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը չի կարողանում քայլել։ Իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող խոշտանգման փաստերը փաստաբանն ուղարկելու է ՄԻԵԴ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված անօրինականությունների համար։ Նման հայտարարությամբ այսօր լրագրողներին դիմեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` նշելով, որ նախարարի անգործության հետևանքով 2 ամիս առաջ ձևավորված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովն առ այսօր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն չի տվել։

«Միջգերատեսչական հանձնաժողովն այս պահին մատը մատին չի տալիս, քանի որ դա գտնվում է նախարարի տիրույթում։ Եվ վերջինն իր անգործությամբ ուղղակի թույլ չի տալիս, որ այդ հանձնաժողովն աշխատի ու գործն ավարտի»,– ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ այս վերաբերմունքը դիտարկում է որպես խոշտանգում իր պաշտպանյալի նկատմամբ։

Փաստաբանի խոսքով` պաշտպանական կողմն արդեն 3 գրություն է ուղարկել առողջապահության նախարարին, բայց անպատասխան։

Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան

«Անորոշ ժամանակով ձգձգվում է։ Ես անձամբ մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,– ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ այս փաստերը ևս պաշտպանական կողմն ուղարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Պաշտպանը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման փաստն արձանագրել էր առողջապահության նախարարի հրամանով ստեղծված բժշկական խումբը։

Այս եզրակացության հիման վրա Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ ևս բժշկական կոնսիլիումն արձանագրել էր առողջական վիճակի վատթարացում։

Փաստաբանի խոսքով` Մանվել Գրիգորյանն այսօր չի կարողանում քայլել, իսկ ձեռնարկված բժշկական միջոցառումներն արդյունք չեն տվել։

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

Մանվել Գրիգորյանի փաստաբաններն առողջական վիճակի հիմքով դատարանին միջնորդել էին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել 25 մլն դրամ գրավով։ Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը` Մանվել Գրիգորյանին թողնելով կալանքի տակ։

Գրիգորյանն արդեն հինգերորդ անգամ առողջական վիճակի պատճառով չէր կարողացել ներկայանալ դատական նիստին:

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ից Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։

Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշումը սարերի հետևում չէ

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանն անդամալույծ է դարձել, ավելին` նրա մոտ սթրեսային խանգարում կա. պաշտպան