Ադրբեջանն օզոնային շերտի տվյալները «ստիպված» վերցնում է Հայաստանից

Արագած լեռան վրա կառուցված «Ամբերդ» օդերևութաբանական կայանն օզոնային շերտի ուսումնասիրություններ է անում ու տվյալները փոխանցում համաշխարհային կենտրոնին։ Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկն այդ հնարավորությունը չունի
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հնարավորություն չունենալով սեփական ուժերով օզոնի չափումներ անել` Ադրբեջանն իրեն անհրաժեշտ տվյալները վերցնում է Օզոնի և ուլտրամանուշակագույն ճառագայթների տվյալների համաշխարհային կենտրոնից, որին էլ տվյալներ է փոխանցում Հայաստանը։ Այսօր Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը նշեց, որ ՀՀ–ն միակն է տարածաշրջանում, որ կարողանում է օզոնային շերտի դիտարկումներ անել։

«Մենք տվյալները փոխանցում ենք Օզոնային տվյալների համաշխարհային կենտրոն, որտեղ դրանք ընդհանրացվում են և արդեն հասանելի են այլ երկրներին։ Մեզ մոտ տվյալները թարմացվում են ամեն օր. չափումները կատարվում են ամեն օր, ժամը 11-ից 17-ը», – նշեց նա։

Ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանն ու Թուրքիան օզոնային շերտի դիտարկումներ անելու հնարավորություն չունեն։ Դեռևս խորհրդային տարիներին` 1960-ին, Արագած լեռան վրա կառուցվել է «Ամբերդ» օդերևութաբանական կայանը։ Կայանի հարմար դիրքը հնարավորություն է տվել 2000-ից այդտեղ օզոնային շերտի ուսումնասիրություններ անել։

Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից

Օզոնային շերտի պաշտպանվածությանը համաշխարհային հանրությունը հատուկ ուշադրություն է դարձնում` դրա քայքայման վտանգներից խուսափելու համար։ Հիմնական վնասը օզոնին հասցնում են սառնարանային տնտեսություններն ու օդորակման համակարգերը։

«Հայաստանը 2010 թվականից օզոնաքայքայիչ նյութերը փոխարինել է օզոնի համար անվնաս նյութերով։ Նման փոփոխությանը հետևեց մեր ամենակարևոր նախագծերից մեկը` միջին մասնագիտական հաստատություններում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսուցումը ներառելը», – ասաց Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը։ Նորավարտ մասնագետները տարիներ անց կկարողանան աշխատել օզոնին վնաս չհասցնող սառնարանային տնտեսությունների հետ` փոխարինելով հին մասնագետներին։

Հայ գիտնականը սննդային ներկերի միջոցով արյունատար անոթների ստեղծման բանալի է գտել

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում օզոնային շերտի պաշտպանվածությունը ամենաբարձրը եղել է 2016 թվականին։ Այսինքն` այդ տարում հայաստանցիները ուլտրամանուշակագույն ճառագայթներից առավելագույնս պաշտպանված են եղել։ Իսկ ամենացածր պաշտպանվածության տվյալները գրանցվել են 2018 թվականին։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է օզոնային շերտի պահպանության օրը։

Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին