ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում խփեց իր առաջին գոլը: Հիշեցնենք, որ «գայլերի» թիմն իր ուժերն է չափում «Սասուոլոյի» հետ:
Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ խաղի 22-րդ րոպեին: Մխիթարյանը մեկ հպումով ձախ ոտքով սուր անկյունից գոլ խփեց։ Հռոմի մարզադաշտում, երկրպագուների հատվածում առաջին անգամ նրա անունն են վանկարկում։
«Ռոման» արդեն հաղթում է 4-0 հաշվով:
Առաջին գոլի հեղինակը Բրիան Կրիստանտեն է (12-րդ րոպե), երկրորդինը՝ Էդին Ջեկոն (19-րդ րոպե), երրորդինը՝ Հենրիխ Մխիթարյանը (22-րդ րոպե), չորրորդինը՝ Ջասթին Կլյուվերտը (33-րդ րոպե):
Երկրորդ խաղակեսում աչքի ընկան միայն հյուրերը: 53-րդ րոպեին Բերարդին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 19 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ:
Հավելենք, որ Մխիթարյանը խաղում է «Ռոմայի» հարձակման աջ եզրում: «Ռոման» մինչ այս հանդիպումը երկու խաղ է անցկացրել ու երկու դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
Խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:
«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ
Հիշեցնենք՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։
Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։
Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։