Ռուսաստանն ավարտել է դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման երկրորդ փուլը

Անձնակազմի պատրաստությունը շարունակվում է, Թուրքիան նախատեսում է եկող տարվա ամռանն արդեն իսկ օգտագործել С-400 զենիթահրթիռային համալիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. C-400 ռուսական զենիթահրթիռային երկրորդ մարտկոցի մատակարարումը Թուրքիա ավարտված է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Նորագույն զենիթահրթիռային համակարգեր. ինչ ցույց կտա «Ալմազ–Անթեյը» Երևանի ցուցահանդեսում

«Այսօր ավարտվեց С-400 ԶՀՀ-ի երկրորդ մարտկոցի բաղադրիչների մատակարարումը Անկարայի գավառի «Մյուրթեդ» ավիաբազա։ Այն սկսվել էր օգոստոսի 27-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Այժմ շարունակվում է անձնակազմի ուսուցումը, նաև ՀՕՊ համակարգերի տեղադրումը։ Ըստ ծրագրի՝ С-400 ԶՀՀ-երը կգործարկվեն 2020 թվականի ապրիլին։

Բաղադրիչների նախորդ խմբաքանակը մատակարարվել էր այս տարվա հուլիսին։ Համաձայնագրի շրջանակում Մոսկվան ընդհանուր առմամբ Թուրքիային  չորս դիվիզիոն C-400 ԶՀՀ կմատակարարի։

2017 թվականին կնքված գործարքի արժեքը 2,5 միլիարդ դոլար է։ Այդ գումարի մի մասը թուրքական կողմն ինքն է  վճարելու, մյուսը՝ ռուսական վարկի հաշվին։

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

Գործարքը կնքելուց հետո ԱՄՆ-ն Անկարային սկսեց սպառնալ պատժամիջոցներով։ Այսպես,  հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան կողմը դադարում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել։ Դա С-400 ռուսական համակարգերի մատակարարման գործարքի դիմաց ԱՄՆ պատասխանն էր Անկարային։