«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» տարածքները վարձակալության են տալիս, քանի որ չեն կարողանում պահել համալիրի տարածքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը, որը համալիրի ճարտարապետներից է, նշում է, որ խոսքը ոսպանման դահլիճի մասին է, որը նախատեսված էր միջոցառումներից , ժողովներից հետո ավելի նեղ կազմով հավաքույթներ անցկացնելու համար։
«Այս դահլիճը ուզում են դարձնել ռեստորան. Այնտեղից դեպի մայրաքաղաք հիանալի տեսարան է բացվում․ կիսակլոր պատշգամբներից ամբողջ Երևանը երևում է»,- ասաց նա։
Պողոսյանը, ցավով արձանագրում է, որ առաջին հարկում ևս ուզում են ռեստորան բացել։
«Ռեստորանը լավ բան է, բայց իր հետ բերում է բացասական երևույթներ. ռեստորանի այցելուները ուրիշ մակարդակի մարդիկ են։ Նրանք ոչ թե մարզահամերգային համալիր են այցելելու, այլ ռեստորան»,–նշեց ճարտարապետը։
Նրա խոսքով` եթե դա համալիրի մաս կազմեր, բոլորովին այլ կլիներ․ այսինքն՝ մարդիկ համերգից կամ միջոցառումից հետո մտնեին ռեստորան՝ ուրիշ կլիներ, իսկ առանձին մուտքով ռեստորան կառուցելն այլ նպատակի կծառայի, այն պարզապես ռեստորան է լինելու, որը ճիշտ չէ։
Նշենք, որ կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում ռեստորան կբացվի: Այդ նպատակով 1-ին և 9-րդ հարկերի տարածքները 10 տարի ժամկետով վարձակալության կտրվեն «Հայր և որդի Գերեզմաններ» ՍՊԸ-ին: Տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20 տոկոսը կուղղվի համալիրի բյուջե, իսկ 80-ը՝ պետբյուջե: Վարձակալությունից հետո՝ 6 ամսվա ընթացքում, ընկերությունը պետք է կատարի 356 մլն դրամի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծի առնվազն 40 աշխատատեղ: