ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը սենսացիոն հայտարարություն է արել․ պարզվում է, որ դեռ երկու տարի առաջ նա Ռուսաստանում թաքուն ամուսնացել է իր սիրելիի՝ Լինդսեյ Միլսի հետ, ամուսնությունը գրանցել են ՔԿԱԳ-ում։ Այդ մասին Սնոուդենը պատմել է բրիտանական Guardian պարբերականի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում իրեն հետապնդել է այն միտքը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևում են, մշտապես վախեցել է փողոց դուրս գալ, ազատ տեղաշարժվել, իրեն շատ միայնակ ու աշխարհից կտրված է զգացել։ Իրավիճակը փոխվել է 2014թ-ին, երբ վերամիավորվել է սիրելի կնոջ հետ։
Սնոուդենը նշել է, որ հիմա ազատ զբոսնում է Մոսկվայում, օգտվում մետրոյից, ակտիվ կյանք վարում, այցելում մշակութային տարբեր միջոցառումներ, ընկերների հետ ռեստորաններ ու սրճարաններ է գնում, այլևս չի վախենում «աշխարհում ամենահզոր կառավարությունից, որն ուզում էր լուծել նրա հարցերը»։ Սնոուդենն ավելացրել է, որ մտադիր է ամբողջ կյանքն անցկացնել Ռուսաստանում։
Եվրախորհրդարանը պահանջել է Եվրամիությունից դադարեցնել Սնոուդենի հետապնդումը
Սնոուդենը 2013թ.-ի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի փաստաթղթեր է հանձնել ինտերնետում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին: Այնուհետև նա մեկնել է Հոնկոնգ, իսկ այդտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել է մոսկովյան օդանավակայանի տարանցիկ գոտում: Ռուսաստանը Սնոուդեին ժամանակավոր ապաստան է տրամադրել մեկ տարի ժամկետով այն պայմանով, որ նա կդադարեցնի ԱՄՆ-ի դեմ գործունեությունը: 2014թ.-ի օգոստոսին Սնոուդենը ստացել է 3 տարվա բնակության իրավունք, որը թույլ կտա նրան ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:
Ինդոնեզական խեցգետինների տեսակը Էդվարդ Սնոուդենի անունով է կոչվել