ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Առայժմ չգիտենք», - ասել է նա` ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի հարցմանը։
Երևանում հոկտեմբերի 1-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նախատեսվում է, որ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահը։ Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահի և Պուտինի մտերիմ հարաբերությունները՝ վերջին շրջանում հաճախ են լուրեր պտտվում հնարավոր հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։
Հակոբյան. «Ունենալով իրավական հիմք` Քոչարյանի գործը պահանջելու է քաղաքական որոշում»
Սեպտեմբերի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը որոշելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին։
Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. տեսանյութ