ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններ Ժորա Պետոյանն ու Արթուր Օթարյանը մասնակցել են Ղրիմում կազմակերպված «Տավրիդա ֆորումին», որի շրջանակում ոչ միայն ներկա են եղել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դասախոսների վարպետության դասերին, այլ նաև կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել:
Արթուրն ու Ժորան, ինչպես նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Ադելինա Հարությունյանն ու Ռաֆայել Ասատրյանը ՌԴ են մեկնել Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում և օրերս են վերադարձել հայրենիք:
«Համառուսական պետական ինստիտուտի դասախոսների դասընթացներին մասնակցելը գերազանց հնարավորություն էր մեզ համար, այս ընթացքը համազոր է մի ամբողջ ուսումնական բակալավրիատի ընթացքի. հանդիպումներ, ծանոթություններ, ձևավորվեց լավ ընկերություն ու փորձի փոխանակում»,- նշեց Արթուրը և ավելացրեց, որ 400 մասնակիցների շրջանում իր ու Ժորայի նկարահանած «Տավրիդայի հայկական սեր» կարժամետրաժ ֆիլմն ընդգրկվել է 10 լավագույնների ցանկում:
Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ իրականացվող «Նոր սերունդ» և «iVolga 2019» ծրագրերը սեպտեմբերի 14-ին ներկայացվեցին Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Առաջին ծրագրի հիմնական նպատակը կարճաժամկետ շրջագայությունների միջոցով այլ պետությունների երիտասարդներին ՌԴ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտական կրթական և մշակութային կյանքին ծանոթացնելն է: «iVolga 2019» ծրագրի շրջանակում էլ ռուսական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական այրերը, ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի փորձագետները համատեղ նախագծեր են քննարկում ինչպես երիտասարդական քաղաքականության, այնպես էլ միջազգային հումանիտար համագործակցության այլ ոլորտներում:
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ևս մասնակցել է այդ ծրագրին:
«Առաջին անգամ չէ, որ ես Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով մասնակցում էի նման ծրագրի, անցած տարի մասնակցել եմ Եվրասիայի ֆորումին: Այս անգամ շատ կարևոր էր հասկանալ, թե համագործակցության ինչ եզրեր ունենք: Լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` անչափ հետաքրքրված էի, թե երիտասարդական քաղաքականության ու երիտասարդական ոլորտում ինչ համագործակցություն կարող էինք ունենալ: Մենք նաև փորձում ենք հասկանալ, թե երիտասարդական ռազմավարության մեջ ինչ կարող ենք իրականացնել, որը համատեղ կլինի երկու երկրների հետաքրքրվածությունների շրջանակներում»,- ասաց Բաղդասարյանը:
Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Նշենք, որ ծրագիրը կշարունակվի մինչ նոյեմբեր: Մասնակցության պայմաններից մեկը ռուսերենի լավ իմացությունն է։ Բացի դրանից, շահառուները պետք է լինեն 25-35 տարեկան, ունենան ՀՀ քաղաքացիություն: Մեկ անգամ մասնակցողները երկրորդ անգամ չեն ընդգրկվում ծրագրում:
Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին