«Սրբի դեմքով կազմակերպությունների` բանակի մասին ասածներն արդարացի չեն». Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` շատ դժվար է զրոյացնել բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու դժբախտ պատահարների թվերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բանակում փոփոխություններ կան, իսկ դրանք հերքողներն արդարացի չեն։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում` արձագանքելով նկատառմանը, թե ըստ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանակում 31 մահվան դեպք է գրանցվել, որից միայն երկուսն է հակառակորդի կրակոցների հետևանք։

«Սրբի դեմքով կազմակերպությունների հայտարարությունները, թե բոլորը հանցագործ են, ոչինչ չի փոխվել բանակում, արդարացի չեն։ Երբ հակառակորդն ակտիվ մարտական գործողություն չի իրականացնում, բանակում միշտ էլ լինելու են ցավալի դեպքեր։ Այսինքն` ուզում եք ավելի շատ մարդ զոհվի հակառակորդի կրակոցների՞ց, քան այլ դեպքերից։ Այդպես չի լինի։ Ուզո՞ւմ եք ընդհանրապես մարդ չզոհվի. մենք էլ ենք ուզում։ Բայց, ցավոք, ԶՈՒ–ն շատ մեծ կառույց է, 70 000 մարդ ամեն առավոտ վեր է կենում, նստում իր տանկը, մեքենան, անցնում գործի։ Մարդիկ զենքի, տեխնիկայի, էքստրիմի հետ գործ ունեն»,–ասաց նա։

Նրա խոսքով` ԶՈւ–ում ամեն օր, սկսած ամենահասարակ սերժանտից մինչև ԳՇ պետով ու նախարարով, ամեն ինչ անում է, որ մեկ հոգու մատն էլ չտրորվի։ Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` զրոյացնել բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու դժբախտ պատահարների թվերը, շատ դժվար է։

ԱԺ-ն հավանություն տվեց առաջնագծի զինվորականներից գանձումները սահմանափակող նախագծին

Նա հավաստիացնում է, որ բանակում յուրաքանչյուր դեպքից հետո լուրջ պատիժներ ու հետևություններ են անում։

«Ցավոք, իրավապաշտպան կառույցների մեծ մասն ուրիշ բանով է զբաղվում, այլ շահեր է հետապնդում ու գնահատականներ տալիս, որպեսզի հասարակության մեջ այլ տպավորություն ստեղծվի։ Թող ուրիշ մի պետության օրինակ բերեն, որտեղ գերլարված, կիսապատերազմական վիճակ է ու ոչ մի զոհ չկա ԶՈՒ–ում»,– ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն է բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների պատճառը` սոցիալական, հոգեբանական խնդիրների հետ է կապվա՞ծ` Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատճառն այդ քայլին գնացողի ու նրան դրդողի, նրա վերադասի կրթադաստիարակչական և արժեհամակարգային խնդիր է։

«Իրականում այս ամենը հանրային քննարկման բան չի, չեմ ասում` թաքուն է պետք անել, բայց մի ամբողջ կոնֆերանսի թեմա է դա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ինքնասպանության հերթական դեպքը գրանցվել է երեկ` սեպտեմբերի 12–ին։ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել էին 21-ամյա պայմանագրային զինծառայողի դին։

Նախկին զինծառայողներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր. ՊՆ–ն վերջնաժամկետ է հրապարակել