Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը

Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխվելուց հետո, բնականաբար, շատերին է հետաքրքրում` հայկական որևէ ընկերություն հեռարձակելո՞ւ է իտալական A սերիայի խաղերը, թե՞ ոչ: Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ կոնկրետ «Ռոմայի» խաղերը հեռարձակվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Արմենիա» հեռուստաընկերությունն իտալական «Ռոմայի» հանդիպումները վերահեռարձակելու իրավունք է ձեռք բերել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց հավաստի աղբյուրը։

Ամեն ինչ Հենրիխ Մխիթարյանի մասին. ի՞նչ նվաճումների է հասել նա

Պարզվում է` A սերիայի հանդիպումների հեռարձակման հարցում խնդիր է ծագել, որը կապված է թուրքական ընկերության հետ: Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն էլ Sputnik Արմենիային ներկայացրեց խնդրի մանրամասները։

«Երկար դադարից հետո 2018-19 թթ Իտալիայի ֆուտբոլի առաջնության A սերիայի հանդիպումների հեռարձակման իրավունքը ձեռք էր բերել հայկական «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Բայց այս տարի 2019-20թթ մրցաշրջանի հանդիպումները հեռարձակելու առումով այդ նախաձեռնությունը շարունակել չհաջողվեց, որովհետև առաջացան հեռարձակման հետ կապված որոշակի ոչ տեխնիկական խնդիրներ: Այսինքն՝ խնդիրներ, որոնք ավելի շատ երևի քաղաքական են»,- նշեց մեր զրուցակիցը:

Խնդիրը, ըստ Ռոբերտ Գասպարյանի ներկայացրած պատկերի, հետևյալն է. Իտալիայի ֆուտբոլի առաջնության A սերիայի 2019-20թթ. մրցաշրջանի հանդիպումները Անդրկովկասի տարածաշրջանում հեռարձակելու բացառիկ իրավունքը տրվել է թուրքական SARAN ընկերությանը, որը հեղինակային իրավունքների վաճառքով է զբաղվում: Եվ հայկական հեռուստաընկերության ներկայացուցիչներն այս թուրքական ընկերության հետ փորձել են լուծում գտնել, դեռ նախքան Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխվելը, բայց ապարդյուն:

Իսկ Հենրիխի տեղափոխությունից հետո «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը նորից է փորձել թուրքական ընկերությանը բացատրել, որ Իտալիայի առաջնությունն ու կոնկրետ «Ռոմայի» խաղերը հետաքրքիր են Հայաստանի հեռուստադիտողներին, բայց թուրքական կողմը մնացել է անդրդվելի, հետևել է պատասխան, թե իրենց հետաքրքիր չէ Հայաստանում առանձին հեռուստաալիքով A սերիայի վերահեռարձակումը:

Հենրիխ Մխիթարյանը, գրկին` փոքրիկ տղա. լուսանկարը ոգևորել է ֆուտբոլիստի երկրպագուներին

«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ

Այսինքն, ոչ մի ֆինանսական կամ տեխնիկական խնդիր, ինչպես հավաստիացրեց մարզական մեկնաբանը, չի եղել:

Մեր աղբյուրները նշեցին, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն իտալական «Ռոմայի» հանդիպումները վերահեռարձակելու իրավունք է ձեռք բերել հենց ակումբից։

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի` սեպտեմբերի 15-ին, հնարավոր է, մեր Հենրիխ Մխիթարյանին արդեն տեսնենք «Ռոմայի» մեկնարկային կազմում, «Սասուոլոյի» դեմ խաղում: Համենայն դեպս, իտալական մարզական թերթերը տանտերերի հավանական մեկնարկային կազմում նշում են Մխիթարյանին՝ ձախ ենթահարձակվողի դիրքում:

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։