Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ընտրության անցկացման իր փորձով. Նաղդալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ ճանաչում են Արցախի բնակչության` սեփական ապագայի հանդեպ որոշում կայացնելու դերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ժողովրդավարական ընտրությունների անցկացման փորձով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով սեպտեմբերի 8–ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին։

ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

«1991–ից Արցախում անխափան իրականացվել են ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես արձանագրել են դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները և դիտորդները, ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական չափանիշներին լիովին համապատասխան»,–ասաց նա։

Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

Նաղդալյանի խոսքով` 28 տարվա ընթացքում Արցախը կուտակել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ փորձ։ Սա, ըստ նրա, ևս մեկ անգամ ի ցույց է դնում Արցախի լրջությունը և կարևորությունը` կառուցելու ժողովրդավարական ինստիտուտներ և երաշխավորելու մարդու ազատ կամարտահայտումը։

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն առ այն, որ նրանք ճանաչում են Արցախի բնակչության` սեփական ապագայի հանդեպ որոշում կայացնելու դերը։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունը պայմանավորված չէ անձերով. ԱԳՆ խոսնակը` Բոլտոնի հրաժարականի մասին

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքների իրացումը պայմանավորված չէ նրա բնակության վայրի կարգավիճակով։ Ավելին, կարծում եմ` մարդու իրավունքների չճանաչումը որևէ ձևով չի սահմանափակում դրանց իրականացումը»,–ասաց նա։

Արցախում ՏԻՄ ընտրություններ են. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում 5 անձ է առաջադրվել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։ Ստեփանակերտի քաղաքապետի 5 թեկնածուից Արցախի մայրաքաղաքի բնակիչները նախապատվությունը տվեցին Դավիթ Սարգսյանին։