ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը մահացել է ԱՄՆ–ի Մասաչուսեթսի նահանգում։ Այս մասին հայտնում է Մասաչուսեթսում գործող հայկական The Armenian Mirror Spectator պարբերականը։
1915–ի ջարդերի ժամանակ Աստղիկը 5 տարեկան էր։ Նրա ծնողները և եղբայրները մահացել են Մեծ Եղեռնի ժամանակ։ Փոքրիկ Աստղիկը քրոջ` Աննայի հետ հայտնվել է Սիրիայում, 7 տարի ապրել տեղի որբանոցում։ Աղջիկների քեռուն` Կարապետ Թիթիզյանին դժվարությամբ, բայց հաջողվել է երեխաներին ԱՄՆ տեղափոխել։
Նահանգներում Աստղիկին Սթարի են կոչել, որն իր անվան թարգմանությունն է անգլերենով։ Աստղիկ Ալեմյանը ամուսնու հետ 30 տարի շարունակ աշխատացրել է «Ալեմյանների աղանդեր» խանութը։
1980-ականներից սկսած` արդեն պատկառելի հասակում` Աստղիկ Ալեմյանը, ամեն տարի մասնակցում էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվում էր Մասաչուսեթսի խորհրդարանում։ Իր 90-ամյակին էլ Ալեմյանը ընտանիքի հետ այցելել էր Սիրիա, որտեղ անցել էր իր մանկությունը։