ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում սեպտեմբերի 12-ին բացվեց «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրությունը, որը միավորում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչներին:
«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Լուսանկարներում ներկայացված են տվյալ երկրներին բնորոշ սոցիալական խնդիրները` ԼԳԲՏ խնդիրներ, անօթևանություն, սով, քաղաքական հետապնդումներ, կյանքը գաղութում և այլն:
Ցուցադրությունը կազմակերպել է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան գործընկերության Կիևի գրասենյակի համագործակցությամբ:
«Մտահղացումը ծնվել է հիմնադրամի Կիևի գրասենյակում՝ հավատարիմ մնալով հիմնադրամի սոցիալ-դեմոկրատական գաղափարների տարածմանը: Հենց դրանով էլ պայմանավորված ցուցահանդեսը միավորում է 5 երկրների ֆոտոլրագրողներին՝ ներկայացնելով իրենց երկրների խնդիրները, սոցիալական անհավասարությունն ու իրավունքների սահմանափակումը»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համակարգող Լիանա Բադալյանը:
Գյումրիում շահագործման հանձնվեց նախկին վարչապետի երազած «կարմիր» փողոցը. Շիրազի թոռները ներկա էին
Նշենք, որ հիմնադրամն իր գրասենյակն ունի նաև Ադրբեջանում, սակայն ադրբեջանցիների աշխատանքներ ցուցադրված չէին: Պարզվում է` նրանք աշխատանքներ ներկայացրել են, բայց դրանք չեն համապատասխանել չափորոշիչներին։
«Լուսանկարների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով, որպես պարտադիր պայման եղել է սոցիալական կոնտեքստը: Ադրբեջանը ներկայացրել էր աշխատանքներ, բայց այդ աշխատանքներում խնդիրներ ներկայացված չէին։ Գեղեցիկ ծաղիկներ էին, բնություն, այդ իսկ պատճառով դրանք ցուցադրության մեջ չընդգրկվեցին»,- նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան գործընկերության Կիևի գրասենյակի համակարգող Անդրեյ Մակարենկոն։
Նրա խոսքով` ցուցադրության նպատակն է առկա խնդիրները լուծել արվեստի միջոցով:
Նշենք, որ ցուցադրությունը Գյումրի տեղափոխվելուց առաջ ներկայացվել է նաև Կիևում: