ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Արցախի տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ուղեկցվել են սահմանապահ ուղեկալի տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութեր ներկրելու հերթական փորձը
Արդյունքում, նշված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ, 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ, 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մեթամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք:
ՀՀ քաղաքացուն 5 կգ թմրանյութով ձերբակալել են ռուս–լեհական սահմանին
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Քրգործն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի իրավապահ մարմիններին: Նշված անձանց առաջադրվել է մեղադրանք, որպես խափանման միջոց՝ կիրառվել կալանավորումը։