ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն, ի պաշտոնե նախապես տեղյակ լինելով զորամասերի համալրվածության, կորպուսի ստորաբաժանումների հաստիքացուցակի և թափուր հաստիքների մասին, զինծառայողներին աշխատանքի նշանակելու համար կաշառք է վերցրել, նաև կաշառք տալու դրդչություն կատարել։
«Իր լիազորությունների շրջանակում, այն է՝ սպաների պաշտոնի նշանակման, ծառայության մեջ տեղաշարժման համար առաջարկություններ ներկայացնելու, դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու, դրանց քննարկման ժամանակ դրական կարծիք հայտնելու, փաստաթղթերը վերադասի ստորագրությանը ներկայացնելու և արդյունքում պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումարներ, մեկ դեպքով կատարել է նաև կաշառք տալու դրդչություն»,- նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել
Կապիտան Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափով կաշառք տալը և ստանալը)։
Նշվում է նաև, որ լեյտենանտ Հ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափով կաշառք տալը)։
Մեկը հիվանդ է ձևացել, մյուսը` խաբեությամբ փորձել չծառայել. 2 տղայի մեղադրանք է առաջադրվել
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: