Մարզահամերգային համալիրում ռեստորան կբացվի. կառավարությունը որոշում կայացրեց

Համալիրում ռեստորան բացել պատրաստվող ընկերությունը պարտավորվում է 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն դրամի ներդրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորան կբացվի։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր` կառավարության նիստի ժամանակ։

Կառավարությունը լուծեց Մարզահամերգային համալիրի ֆինանսական խնդիրը

«Մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ին` նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով»,–նշված է որոշման մեջ։

Ընկերությունը պարտավորվում է 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն ՀՀ դրամի ներդրում, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ: Ի դեպ, 1 քմ մակերեսով տարածքի վարձակալության համար ընկերությունը կվճարի ամսական  3330  դրամ։

Նշվում է նաև, որ մարզահամերգային համալիրի տնօրենը հայտնել է, որ նշված ներդրումային ծրագիրը կնպաստի համալիրի զարգացմանը և որևէ կերպ չի խոչընդոտի վերջինիս գործունեությանը։ Ավելին, վարձակալության հանձված գույքի վարձակալական վճարներն ամբողջությամբ ՊՈԱԿ-ի բյուջե ուղղվելու դեպքում հնարավորություն կստեղծվի համալիրի ընթացիկ նորոգման, վերազինման և այլ աշխատանքների իրականացման համար:

Մարզահամերգային համալիրը պետք է շնչի ամեն օր, ոչ թե համերգից համերգ. Կարեն Ղազարյան

Նշենք, որ մարզահամերգային համալիրը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան։

Հիշեցենք` ապրիլին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ  ՄՀՀ աշխատակիցները որոշել են բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ: Պատճառը 3 ամիս շարունակ չստացած աշխատավարձերն են:

Ըստ մամուլի` ՄՀՀ նոր տնօրինությունը միլիոնների պարտք էր կուտակել: Պարտքի պատճառով համալիրն նույնիսկ հոսանքազրկվել էր, գազամատակարարումն էլ` դադարեցվել։ Իսկ պարտքերի պատճառը պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացումն էր: