ՊՆ–ն ակնհայտ թանկ գնով ցեմենտ է գնել. Թանդիլյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 150 միլիոն դրամի ցեմենտ վաճառող ընկերությունն ընդամենը 2 աշխատակից ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում դիմեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին` խնդրելով պարզաբանել գերատեսչության կողմից ակնհայտ թանկ գնով ցեմենտ գնելու պատճառները։

Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին

Նրա խոսքով` Պաշտպանության նախարարությունը «Հիդրո Գրուպ» կազմակերպությունից ցեմենտ է գնել ՝ մեկ տոննան 48 հազար դրամով, ինչը զգալիորեն բարձր է ամռանը քննարկված գնից։

Թանդիլյանը հիշեցրեց, որ հունիսին  Ազգային ժողովում քննարկել են ցեմենտ ներկրելու վրա տուրք սահմանելու հարցը` միաժամանակ կարգավորումներ սահմանելով հնարավորինս ցածր գին պահպանելու համար։

Պետք է փակել էժան ցեմենտի ներկրման միջանցքը. Հայրենական ապրանք արտադրողների միություն

«Տարբեր գերատեսչություններ (ԱԻՆ, ոստիկանություն, ԱԱԾ) պարբերաբար ցեմենտ են գնել այդ ընկերությունից, պատվիրել շինարարական աշխատանքներ։ Երբ մի փոքր ուսումնասիրում ես այս տարօրինակ իրավիճակը՝ պարզում ես, որ կազմակերպությունը, որն անում է նաև  շինարարական աշխատանքներ, ունի ընդամենը երկու աշխատակից։ Մինչդեռ 2018-2019 թթ.-ին 159 մլն դրամի գնում եք կատարել», – ասաց Թանդիլյանը։

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

Նա նշեց, որ ընկերության պահեստն Արարատում է, որտեղ գտնվում է նաև «Արարատցեմենտ» ընկերությունը։ Թանդիլյանը հարցրեց՝ համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տարեսկզբին հայտարարված ցեմենտի գինը` 40 հազար դրամ։

«Ես ուզում եմ Ձեր և իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, որը թույլ է տալիս ենթադրել կոռուպցիոն սխեմաների առկայություն»,–նշեց Թանդիլյանը։

ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը խոստացավ պարզաբանել գնումների մանրամասները և պատասխանել ընդդիմադիր պատգամավորի հարցերին։