Նախնական տվյալներով` Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան․ 6-7 բալանոց երկրաշարժն ուժեղ չի համարվում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Սոս Մարգարյանը։
«Տեղի է ունենում օջախային գոտու թուլացում։ Երեկ երեկոյան ասել էինք 30 հետցնցման մասին, մինչև առավոտ էլ 70 հետցնցում է եղել»,– նշեց նա։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետը վստահեցրեց, որ այս գոտու համար բնորոշ են երկրաշարժերը․ անհանգստանալու կարիք չկա, իրավիճակը գտնվում է հսկողության տակ։
Մարգարյանի նշեց, որ իրենց գնահատականներով՝ այս պահին նման մագնիտուդով երկրաշարժի կրկնության հավանականությունը շատ չնչին է։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 20:22-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: