Հայաստանում գրանցված երկրաշարժին մոտ 30 հետցնցում է հաջորդել

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շարունակում է շուրջօրյա հերթապահություն իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում (Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Բավրայի բնակիչները վախեցած են. Շիրակի մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:

Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

Պետրոսյան․ «Ախուրյանի ջրամբարը չէր կարող Սպիտակի երկրաշարժի պատճառ դառնալ»

Ըստ ԱԻՆ–ի` բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ:

Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եթե կնկատվեն խնդիրներ, ԱԻՆ–ը խնդրում է ահազանգել «911» ծառայության հեռախոսահամարով: