ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի տնտեսությունը 2019թ–ի հուլիս–օգոստոսին արագացրել է աճը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի տնտեսական վերլուծության բաժնի վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ–ի հուլիսին ավելացել է 8,1 տոկոսով (մեկ ամիս առաջ` 3,4 տոկոսով)։ Նման ակտիվությունը կարող էր պայմանավորված լինել գյուղատնտեսության ազդեցությամբ. այս ոլորտում ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է արդյունաբերության աճ՝ նախորդ տարվա համեմատաբար ցածր ցուցանիշի ֆոնին:
Տնտեսության մյուս հիմնական հատվածներում 2019թ–ի հուլիսին նույնպես դրական տեղաշարժ է նկատվել. արդյունաբերական արտադրությունն ավելացել է 16,1 տոկոսով, մանրածախ և մեծածախ առևտրի շրջանառությունը` 9,1 տոկոսով, շինարարության ծավալը` 4,1 տոկոսով։
«Ընդհանուր առմամբ 2019թ–ի երրորդ եռամսյակում Հայաստանը կարող է աճի բարձր ցուցանիշներ ցուցադրել ագրարային հատվածի զգալի ավանդի ֆոնին։ Բյուջեի կատարման ցուցանիշներն ու պետական պարտքի դինամիկան այս տարվա առաջին կիսամյակում վկայում են հանրապետության ֆինանսական դրության բարելավման մասին», – ասաց Ֆյոդորովը։
2019թ–ի հունվար–հունիսին պետական բյուջեի հավելուրդը կազմել է 121,9 միլիարդ դրամ կամ 254 միլիոն դոլար (անցած տարվա նույն շրջանում պակասուրդը կազմել է 3,8 միլիարդ դրամ)։
Հաշվետու շրջանում եկամուտները կազմել են 759 մլրդ դրամ` ավելանալով 25,1 տոկոսով։
Աճի ցուցանիշի գործոններ են դարձել ինչպես տնտեսական ակտիվության ընդլայնումը, այնպես էլ իշխանության` հարկահավաքման բարելավմանն ուղղված քայլերը։
Աշխատավարձե՞րը բարձրացնել, թե՞ ջրի խողովակը նորոգել. տնտեսագիտական կարծիքներ`բյուջեի մասին
Հայաստանի պետական պարտքը նվազել է հունիսի վերջին արտաքին պարտավորությունների կրճատման հաշվին։
Հուլիսի տվյալներով` առևտրային դեֆիցիտն ընդլայնվել է ներկրման դիրքերի ավելացման հաշվին։ 2019թ–ի երկրորդ կիսամյակում կարելի է ակնկալել հանրապետության արտաքին հաշվեկշռի բարելավում` էներգակիրների շուկայում նվազող գների ֆոնին։
Գնաճն օգոստոսին նվազել է մինչև 0,6 տոկոս (հուլիսին` 1,7 տոկոս)։ Այդ դանդաղեցման հիմնական գործոնը պարենամթերքի գների անկումն է` գյուղատնտեսական արտադրության աճի ֆոնին։
Ակնկալվում է, որ գնաճը կվերականգնվի աճող ներքին պահանջարկի ազդեցության տակ և 2020թ–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմանում։
Կենտրոնական բանկի վարքագիծն ավելի շատ չեզոք է, քան աճին միտված. տնտեսագետ